RGnews.am Լրատվական
RG news-ը «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի լրատվական կայքէջն է։
«ՌԵՍՏԱՐՏ» | «ՌԵՍՏԱՐՏ ԳՅՈՒՄՐԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
«Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը՝ կամավորության սկզբունքով, սույն հռչակագրով սահմանված արժեքները և սկզբունքները կիսող, ստորև շարադրված խնդիրների լուծման նպատակով, անհատների հասարակական միավորում է: Մենք առերևույթ ճշմարտություն ենք համարում հետևյալը.
• Յուրաքանչյուր ոք ունի արժանապատիվ պայմաններում որակյալ կրթություն ստանալու սահմանադրական իրավունք:
• Յուրաքանչյուր ոք ունի կրթության գործընթացի, դրա պայմանների և իրեն ուղղակիորեն կամ անուղղակի կերպով առնչվող հարցերի շուրջ միավորումներ կազմելու և դրանց միջոցով իր շահերը լավագույնս ներկայացնելու իրավունք։
• Համալսարանները կրթության ոլորտում վճարովի հիմունքներով ծառայություններ մատուցող կազմակերպություններ են, որոնք կոչված են՝ իրենց ողջ գույքով, գիտատեխնիկական հնարավորություններով, պրոֆեսորադասախոսական կազմով և վարչական ապարատով ծառայելու իրենց ծառայություններից օգտվող շահառուներին և հանրության մտավոր ներուժի զարգացման գերակա շահին, ինչպես նաև այդ նպատակով ապահովելու համապատասխան պայմաններ և միջավայր։
Մենք առանցքային խնդիրներ ենք համարում.
- Կրթության ոլորտի թերֆինանսավորումը՝ դրանից բխող բացասական հետևանքներով (դրամաշնորհների սղություն, բնակչության եկամտի հետ համեմատած անհամաչափ բարձր վճար, դասախոսական կազմի ցածր աշխատավարձ, տեխնիկական թերհագեցվածություն և այլն)։
- Բուհերի վարչական ապարատի և ուսանողական խորհուրդների կուսակցականացվածությունը։
- Անմիջականորեն իրենց վերաբերվող հարցերով որոշումներ կայացնելու գործում, ուսանողների ձևական ներգրավվածությունը, որոշումների կայացման մեջ որոշիչ ձայն չունենալը։
- Ազատ կամարտահայտման դեպքում ուսանողների նկատմամբ կիրառվող վարչական ճնշումները։
- Իրավական կամայականությունները։
- Հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթություն ստանալու հավասար հնարավորությունների բացակայությունը։
- Բուհական կոռուպցիան։
- Դասախոսական կազմի մեթոդական ոչ արդիական լինելը, ուսումնական նյութերի անբավարարությունն ու անհասանելիությունը և, որպես հետևանք, կրթության ցածր որակը։
- Կոմունալ արժանապատիվ պայմանների բացակայությունը։
Վերոհիշյալ իրավունքների լավագույնս իրացման և խնդիրների լուծման նպատակով մենք կազմավորում ենք «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը և մեր գործունեության համար հռչակում հետևյալ սկզբունքները.
- Նախաձեռնությունը գործում է իր անդամների կամավորության հիման վրա և բաց է նոր անդամների ներգրավման համար:
- Նախաձեռնությունը մերժում է ռասսայական, կրոնական, ազգային, սեռային, սոցիալական որևէ խտրականություն:
- Նախաձեռնության որոշումները կայացվում են ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին համաձայն՝ առավելագույն մասնակցայնության պայմաններում և յուրաքանչյուր մասնակցի կարծիքը հաշվի առնելով:
- Նախաձեռնության անդամների միջև աշխատանքի բաշխումը կատարվում է ըստ ունակությունների՝ հիմքում ունենալով կամավորության և պատասխանատվության սկզբունքը:
- Նախաձեռնությունը որևէ կուսակցության չի հարում, չի ներգրավվում կուսակցական գործունեության մեջ:
- Նախաձեռնության անունից հայտարարություններ տարածվում են նրա կողմից պաշտոնապես հայտարարված տեղեկատվական հարթակներում (կայք, ֆեյսբուքյան էջ և այլն):
- Նախաձեռնությունը բաց է համագործակցության, միևնույն արժեքները կրող և հռչակված սկզբունքներին չհակասող ցանկացած սուբյեկտի աջակցության համար:
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՏԱՐԹԻՎ
2019 թվական, հունիսի 7․